Թե որքան արագ և ճիշտ կսկսեք խոսել անգլերեն, մեծապես կախված է ձեր ընդունակություններից: Որոշ մարդիկ ի սկզբանե բնույթով ավելի շատախոս են, մյուսները՝ ավելի քիչ: Բայց կան որոշ գաղտնիքներ, որոնք իմանալն ու կիրառելը կօգնեն բարելավել անգամ ամենաքչախոս մարդկանց խոսակցական անգլերենը:
1. Լսե՛ք և կարդացե՛ք որքան հնարավոր է շատ
«Ինչո՞ւ կարդալ տեքստեր, եթե ես ուզում եմ խոսել սովորել» - սա սխալ կարծիք է: Խոսելու համար նախ պետք է մտապահել տիպիկ անգլերեն արտահայտություններն ու կոնստրուկցիաները, որոնք հաճախ տարբերվում են ռուսերենից։ Որպեսզի իմանաք, թե ինչպես են խոսում անգլիացիները, նախ պետք է նրանց լսել և կարդալ: Անգլերեն խոսքով զբաղվելու, լսելու կամ կարդալու ամենօրյա ծրագիր կազմե՛ք, և արդյունքը երկար սպասեցնել չի տա:
2. Սովորե՛ք վերաձևակերպել և պարզեցնել
Դուք տարված խոսում եք ինչ-որ բանի մասին և հանկարծ մոռանո՞ւմ եք անհրաժեշտ բառն ու լռո՞ւմ: Կամ ուզում եք տասնյակ բառերով բարդ նախադասություն կազմել ու ձևակերպել այն նույն շարադասությամբ, ինչ հայերենում, և զրուցակիցը ոչինչ չի հասկանում ձեր խոսքից։ Առաջին դեպքում անհրաժեշտ է մոռացված բառը փոխարինել նույնիմաստ այլ բառով կամ պարզապես բացատրել այլ բառերով։ Երկրորդ դեպքում ճիշտ կլինի միտքը բաժանել փոքր մասերի և ասել պարզ նախադասություններով՝ օգտագործելով ձեզ հայտնի քերականական կառուցվածքները։
3. Պատմե՛ք պատմություններ
Ամեն օր կանոն դարձրե՛ք ձեզ համար վերապատմել ինչ-որ իրավիճակ կամ պատմություն, որը տեղի է ունեցել այդ օրը: Դրա համար օգտագործե՛ք ճիշտ քերականական կառուցվածքներ և ժամանակաձևեր: Պարտադիր չէ դրանք պատմել ինչ-որ մեկին, կարող եք պարզապես մտքում ասել կամ նոթատետրում գրել: Այս վարժությունը կօգնի ձեզ հետագայում արագ ձևակերպել ձեր մտքերն անգլերենով, և հաղորդակցան ընթացքում դուք ստիպված չեք լինի երկար մտածել պատասխանելուց առաջ:
4. Սովորե՛ք հոմանիշներ
Եթե արդեն հոգնել եք շատ (very), գեղեցիկ (beautiful) և կարևոր (important) բառերից, ապա բառարանում փնտրե՛ք, թե ինչով կարող եք դրանք փոխարինել։ Այդպես ձեզ համար շատ ավելի հետաքրքիր կլինի շփումը, ձեր խոսքն ավելի բազմազան կդառնա, և դուք մեկ քայլով կմոտենաք լեզվակիրների անգլերենին:
5. Հիշե՛ք մի քանի խոսակցական արտահայտություններ՝ ձեր կարծիքը, համաձայնությունը, անհամաձայնությունը և այլն արտահայտելու համար
Հիշե՛ք, թե ինչի մասին եք խոսում ձեր մայրենի լեզվով: Որպես կանոն, դա լինում է ինչ-որ թեմայի քննարկում, տպավորությունների փոխանակում, ողջույններ, հրաժեշտներ։ Սովորե՛ք մի քանի նմանատիպ արտահայտություններ տարբեր առիթների համար: Այդպիսով, դուք կունենաք բառապաշար, մտքեր, թե ինչպե՞ս սկսել զրույցը և ի՞նչ արտահայտություններով լրացնել այն դադարները, որոնք անհրաժեշտ են հաջորդ նախադասության մասին մտածելու համար:
6. Լսել և կրկնել դերասանների երկխոսությունները
Անհնար է ունենալ սահուն խոսք առանց ճիշտ արտասանության։ Արտասանությունը բարելավելու ամենահեշտ ձևը դերասանների կամ հաղորդավարների խոսքը կրկնօրինակելն է: Բացի այդ, նույն նախադասությունը նորից ու նորից կրկնելով՝ դուք կմտապահեք նոր բառեր ու արտահայտություններ, որոնք կօգնեն ձեզ կենդանի շփման ժամանակ։
7. Կարդացե՛ք բարձրաձայն
Սա նույնպես շատ արդյունավետ վարժություն է, որով դուք միանգամից երկու երկու նպատակի եք հասնում՝ ստեղծում եք անգլիախոս միջավայր (խորհուրդ №1), և աշխատում եք ձեր արտասանության վրա (խորհուրդ №2)։
8. Սովորե՛ք բառախաղեր
Գտե՛ք այնպիսի բառախաղեր, շուտասելուկներ, որոնք ուղղված են ձեզ համար խնդրահարույց հնչյունի արտասանությանը։ Օրինակ, եթե դժվարանում եք արտասանել [ð] հնչյունը, սովորեք և պարբերաբար կրկնեք “this thin that thatch these themes those thorns the thug they thank՛՛ բառախաղը: Բառախաղեր փնտրե՛ք տեսաալիքներում կամ աուդիո-ալիքներում՝ ճիշտ արտասանությունն իմանալու համար:
9. Ձայնագրե՛ք ձեր խոսքը
Վերջինը ցուցակում, բայց ոչ պակաս կարևոր կանոն: Դուք չեք կարողանա լիարժեք գնահատել անգլերենի խոսակցական մակարդակը առանց ինքներդ ձեզ կողքից լսելու: Ուստի ձայնագրե՛ք ձեր ելույթը, լսե՛ք և վերլուծե՛ք, թե ինչի վրա դեռ կարիք կա աշխատելու, և ինչն է արդեն լավ։ Կարող եք ձայնագրել, թե ինչպես եք կարդում կամ կրկնօրինակում դերասաններին, ինչպես եք պատմում որևէ պատմություն: Անմիջապես մի՛ ջնջեք ձայնագրությունները, այլ վերադարձեք և լսե՛ք դրանք նորից մի որոշ ժամանակ անց ՝ ձեր առաջընթացը համեմատելու համար:
Խորհուրդները շատ պարզ են և մեծ ջանք ու ծախսեր չեն պահանջում։ Հաջողության գրավականը հետևողականությունն է։ Օրական կես ժամ հատկացրե՛ք վարժություններին և մեկ ամսվա ընթացքում կգրանցեք ձեր առաջընթացը։
Եվ, իհարկե, կարող եք գրանցվել խոսակցական անգլերենի առցանց դասընթացներին
Վերջապե՛ս կարող եք սովորել խոսակցական անգլերեն առցանց, այն էլ՝ վկայագրված ուսուցչի հետ՝ ստանալով անգլերեն սովորելու մի մեծ խթան: Umba Training-ի ուսուցչի հետ դասերն ունեն այնպիսի առավելություններ, ինչպիսիք են սխալների ուղղումը, նաև թույլ կողմերի հաղթահարումը և այնպիսի խնդիրների հայտնաբերումն ու լուծումը, որոնք Դուք հնարավոր է չկարողանաք ինքնուրույն նկատել:
Բացի այդ, մեր դասընթացներին մասնակցելով, կարող եք ստանալ վկայական, որը կարող եք օգտագործել աշխատանք դիմելու, համալսարան ընդունվելու և այլնի համար: