Նրանք, ովքեր դժգոհում են գերմաներեն սովորելու դժվարություներից, նույնիսկ չեն էլ պատկերացնում, թե ինչպես է իրենց բախտը բերել. չէ՞ որ գերմաներենի դեպքում միայն մեկ լեզու է պետք սովորել: Իհարկե, գերմանախոս երկրներում կան տարբեր բարբառներ, բայց բավական է սովորել ստանդարտ գերմաներեն լեզուն (Hochdeutsch), և այլևս հնարավոր կլինի հեշտությամբ հասկանալ նաև Գերմանիայի, Ավստրիայի կամ Շվեյցարիայի բնակիչների լեզուն:
Անգլերեն սովորողների դժվարությունն այն է, որ այս լեզվում չկա ստանդարտ: Դուք պետք է սովորեք երկու տարբերակ՝ բրիտանական անգլերեն և ամերիկյան (նույնիսկ եթե հաշվի չառնենք ավստրալական, հնդկական, հարավաֆրիկյան բարբառները և այլն): Անկախ միջմշակութային փոխազդեցությունից, թվում է, թե բրիտանական և ամերիկյան անգլերենի բառապաշարի, ուղղագրության ու արտասանության միջև տարբերությունները տարեցտարի ավելի ու ավելի են շատանում:
Որևիցե մի տարբերակից կառչելու և, որ ավելի կարևոր է, զրուցակցի կողմից ճիշտ ընկալված լինելու համար, անհրաժեշտ է իմանալ, թե որ բառերն են իմաստային ու արտասանական ձևերով տարբերվում Ամերիկայում և Մեծ Բրիտանիայում։ Սա կարևոր է ոչ միայն պարզ հաղորդակցության համար, այլև ամոթալի իրավիճակներից խուսափելու համար։
Օրինակ, եթե լոնդոնցի մի կին նյույորքցուն ասի. «Ես թողել եմ երեխայիս ծծակը (dummy- խաբեբա) մանկասայլակի մեջ, իսկ տակդիրը դրել եմ մեքենայի բեռնախցիկը (in the boot – կոշիկի մեջ)», նա միայն շփոթված հայացք կստանա: Եթե նյույորքցին նրան ասի՝ «Դու գեղեցիկ շալվար (pants-ծանր շնչառություն) ունես», նա հեշտությամբ կարող է դա ընդունել որպես վիրավորանք:
Ստորև ներկայացված են երկու լեզուների միջև հիմնական տարբերությունների օրինակներ.
Ուղղագրական տարբերություններ
Երբ խոսքը վերաբերում է բրիտանական անգլերենի (BrE) և ամերիկյան անգլերենի (AmE) ուղղագրությանը, կարելի է ասել, որ ամերիկացիները հակված են ավելի տնտեսող և հնչյունական ուղղագրության: Չարտասանվող տառերը բաց են թողնվում, իսկ բառերը գրվում են իրենց հնչողականությանն ավելի մոտ: Ամենաակնառու օրինակը u-ի բացակայությունն է ամերիկյան այնպիսի բառերում, ինչպիսիք են color, neighbor, honor և այլն:
Համեմատե՛ք նաև traveling, jewelry և program բառերն իրենց բրիտանական համարժեքների հետ՝ travelling, jewellery և programme: Այնուամենայնիվ, այս կանոնը միշտ չէ, որ կիրառվում է: Դուք կարող եք մտածել, որ Ամերիկայում գրվում է skilful, իսկ Բրիտանայում ՝ skillful, բայց իրականում լրիվ հակառակը:
Արտասանական տարբերություններ
Իհարկե, երկու երկրներն էլ ունեն իրենց տարածաշրջանային բնորոշ արտասանությունները, սակայն ամերիկացիների և բրիտանացիների մեծամասնության կողմից որոշ բառեր այլ կերպ են արտասանվում։
Տարբերությունները հիմնականում ձայնավոր հնչյունների կամ շեշտադրության մեջ են։
Բառապաշարային տարբերություններ
Այն բառերի քանակը, որն օգտագործվում են միայն այս կամ այն երկրում, շատ քիչ տոկոս է կազմում, ակայն անգլերեն սովորողների համար խնդիրն այն է, որ այդ բառերն ամենաշատ կիրառվողներից են: Շատ բառեր օգտագործվում են միայն ամերիկացիների կողմից, բայց բրիտանացիների մեծ մասը հասկանում է դրանք, այնինչ, շատ բառեր էլ կարող են դժվարություններ առաջացնել:
Օրինակ, բրիտանացիները գիտեն, որ ամերիկացիները biscuits բառն (թխվածքաբլիթ) անվանում են cookies, իսկ flat բառը (բնակարան)՝ apartment, բայց շատերը չգիտեն, թե ինչ է նշանակում alumnus (քոլեջի կամ համալսարանի շրջանավարտ) կամ fender (մեքենայի անիվի վերևում ցեխի պաշտպանիչ մաս): Իրենց հերթին, ամերիկացիները գիտեն, որ yard (բակ) բառը Բրիտանիայում կոչվում է garden, իսկ truck(բեռնատար) բառը՝ lorry, բայց բրիտանացիներին ծանոթ plimsolls (սպորտային կոշիկներ) կամ off-licence (լիկյորների խանութ) բառերը նրանց ոչինչ չեն ասի:
Քերականական տարբերություններ
Բրիտանական և ամերիկյան անգլերենի քերականությունը գրեթե նույնն է, այնուամենայնիվ, այստեղ կան մի քանի հետաքրքիր շեղումներ, օրինակ՝ բայերի որոշ ձևերում: Ամերիկյան անգլերենում fit բայի անցյալ ժամանակը fit-ն է, բրիտանական անգլերենում՝ fitted: Ամերիկացիներն ասում են, I've gotten to know her well, բրիտանացիները՝ I've got to know her well: Բրիտանական անգլերենում հաճախ օգտագործվում է ներկա վաղակատար ժամանակաձևն այնտեղ, որտեղ ամերիկյան անգլերենը նախընտրում է օգտագործել անցյալ անորոշ:
Օրինակ, just (պարզապես) կամ already (արդեն) բառերն օգտագործելիս բրիտանացիներն ավելի հավանական է, որ ասեն I've just seen him կամ I've already done it, մինչդեռ ամերիկացիներն ավելի հավանական է, որ ասեն, I just saw him կամ I already did it.
Մեկ այլ օրինակ է այն, որ ամերիկացիները ավելի հաճախ են հավաքական գոյականները համաձայնեցնում բայի հետ: Ստանդարտ ամերիկյան անգլերենում ճիշտ կլինի ասել՝ The team is playing well this season մինչդեռ բրիտանական անգլերենում ընդունելի կլինի ասել՝ The team are playing well: Նույնը վերաբերում է նաև այնպիսի բառերին, ինչպիսիք են government (կառավարություն), committee (կոմիտե) և այլն: Ամերիկյան անգլերենում՝ The Government is ..., բրիտանական անգլերենում՝ The Government are ...
Բառերի կիրառում
Ամերիկյան և բրիտանական անգլերենների միջև կան բազմաթիվ հետաքրքիր նյուանսներ, որոնք վերաբերում են բառերի կիրառմանը: Ամերիկյան անգլերենն ունի through նախդիրը, որը նշանակում է «միջոցով, միջով, մինչև»: Օրինակ, The exhibition is showing March through June: Դրա համարժեքը բրիտանական անգլերենում The exhibition is showing from March to June, բայց դա կարելի է երկակի ձևով հասկանալ:
Ցուցահանդեսը կտևի մինչև հունիսի սկի՞զբ, թե՞ մինչև վերջ։ Թյուրիմացություններից խուսափելու համար ավելի լավ է, օրինակ, ասել՝ The exhibition is showing from March to the end of June.
Մեկ այլ օրինակ՝ ամերիկացիների համար billion թիվը պարունակում է 9 զրո (միլիարդ): Բրիտանացիների մեծամասնության համար այն ունի 12 զրո (տրիլիոն): Ինչ վերաբերում է զրո թվին, ապա zero բառն ավելի տարածված է ամերիկյան անգլերենում, մինչդեռ naught-ն ավելի տարածված է բրիտանական անգլերենում: Ամերիկացիներն ավելի հավանական է, որ 453-ը կարտասանեն four hundred fifty three, մինչդեռ բրիտանացիները գրեթե միշտ ասում են four hundred and fifty three: Եվ այս ամենը միայն մի փոքր մասն է:
Եզրահանգում
Միանգամայն ակնհայտ է, որ նրանց համար, ովքեր անգլերեն լեզվի կրող չեն, շատ դժվար կլինի տարբերակել այս երկու բարբառները։ Հավանաբար լավագույն բանը, որ կարելի է անել այս դեպքում, Umba Training-ի անգլերենի դասընթացին միանալն է ;)
Դասերն անցկացվում են առցանց, անհատական սկզբունքով, ձե՛զ հարմար հաճախականությամբ և ձե՛զ հարմար ժամին, միացե՛ք մեզ, մենք ուրախ կլինենք :D